Իրավաբանական վարչության կանոնադրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Իրավաբանական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին և Կոմիտեի նախագահի տեղակալներին:
1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:
1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Վարչության խնդիրներն են՝
1) Կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի և իրավական բնույթի փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունների, կարծիքների, դիտողությունների, առաջարկությունների տրամադրումը,
2) իրավական բնույթի հարցերի քննարկմանը մասնակցությունը,
3) Կոմիտեի կողմից պետական մարմիններին, այլ գերատեսչություններին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրվող պատասխանների, գրությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ համապատասխանության իրավական ապահովումը,
4) Կոմիտեի իրավասությունների սահմաններում օրենքներով և այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը և այդ նպատակով հայցադիմումների, դիմումների և դրանց պատասխանների (առարկությունների), վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և դրանց պատասխանների նախապատրաստումը,
5) սահմանված կարգով դատական ներկայացուցչության ապահովումը,
6) պետական գույքի մասնավորեցման, օտարման (օրենքով սահմանված օտարման եղանակներով, ինչպես նաև երաշխիքով), անհատույց օգտագործման, վարձակալության, սերվիտուտի տրամադրման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի սարքավորումների տեղակայման ու սպասարկման պայմանագրերի նախագծերի նախապատրաստման, կնքման, այդ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտման հիմքով, ինչպես նաև նախքան այդ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը՝ այդ պայմանագրերի լուծման և պայմանագրերից ծագող իրավունքի դադարման պետական գրանցման աշխատանքների կազմակերպման իրականացումը,
7) Կոմիտեի կողմից կնքված պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և դրա շնորհիվ ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը,
8) պայմանագրային պարտավորությունների կողմ հանդիսացող անձանց պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը,
9) Հայաստանի Հանրապետության անունից ներկայացուցչության ապահովումը։
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) Կոմիտեի իրավասության սահմաններում պետության շահերը պաշտպանելու նպատակով նախապատրաստում է հայցադիմումներ, դիմումներ և միջնորդություններ,
2) ընդդեմ Կոմիտեի (Հայաստանի Հանրապետության) ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ նախապատրաստում է պատասխաններ, առարկություններ,
3) Հայաստանի Հանրապետության դատարաններում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Կոմիտեի լիազորությունների շրջանակներում քննվող պետության գույքային շահերին առնչվող վճիռների, որոշումների դեմ նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ,
4) նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխաններ,
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և իրավապահ այլ մարմիններ ներկայացվող համապատասխան նյութերը և տեղեկատվությունը,
6) հիմքերի առկայության դեպքում նախապատրաստում է դատարանի հաստատմանը ներկայացվող հաշտության համաձայնությունները,
7) Կոմիտեի իրավասության սահմաններում ներկայացնում է պետության շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով դատական ներկայացուցչություն և առկա խնդիրների լուծման և օրենսդրության կատարելագործման նպատակով ներկայացնում է առաջարկություններ,
8) դատարաններ ներկայացնելու համար նախապատրաստում է միջնորդություններ, դիմումներ, ինչպես նաև դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր,
9) Կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն և հաշվետվություն դատական գործերի և դրանցով կայացրած վճիռների (որոշումների) վերաբերյալ,
10) նախապատրաստում է կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու գրություններ, հետևում կատարողական վարույթի ընթացքին, կատարողական վարույթի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստում է համապատասխան գրություններ, բողոքներ և հարցումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում է կատարողական գործողություններին,
11) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության (Կոմիտեի) մասնակցությամբ ընթացող սնանկության գործերին,
12) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումնների կողմից կազմված նորմատիվ և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ, կարծիքներ,
13) պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացնում է կարծիքներ,
14) մասնակցում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկման աշխատանքներին,
15) ապահովում է Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և Կոմիտեի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
16) Վարչության իրավասությունների սահմաններում և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի շրջանակներում տալիս է եզրակացություններ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան,
17) օրենսդրական տեխնիկայի կանոնների կիրակումն ապահովելու նպատակով իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրումը,
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գույքի մասնավորեցման, օտարման (օրենքով սահմանված օտարման եղանակներով, ինչպես նաև երաշխիքով), անհատույց օգտագործման, վարձակալության, սերվիտուտի տրամադրման, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի սարքավորումների տեղակայման ու սպասարկման, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Կոմիտեի լիազորությունների շրջանակներում այլ պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախագծերի նախապատրաստումը, կնքումը և ժամկետի ավարտման հիմքով և նախքան այդ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը՝ այդ պայմանագրերի լուծման և պայմանագրերից ծագող իրավունքի դադարման պետական գրանցման աշխատանքների կազմակերպումը։
19) էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ առուվաճառքի կամ վարձակալության պայմանագրերի կնքումից հետո էլեկտրոնային աճուրդով պետական գույքի վարձակալության տրամադրման և տարաժամկետ վճարելու պայմանով պետական գույքի (այդ թվում բաժնետոմսերի) օտարման (մասնավորեցման) վերաբերյալ գործի ամբողջ փաթեթի և տեղեկատվության տրամադրման ապահովում,
20) պետական գույքի օտարման (մասնավորեցման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ Կոմիտեի նախագահի հրամանի պահանջներից ելնելով պայմանագրերում ներառում է դրույթներ օտարվող (մասնավորեցվող) գույքի գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու վերաբերյալ,
21) «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Կոմիտեի լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պայմանագրերի նախապատրաստման և կնքման աշխատանքներ,
22) ապահովում է մասնավորեցման և օտարման մասնակիցների (գնորդների) մասին հայտնի դարձած տեղեկությունների պահպանումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրումը,
23) ներկայացնում է Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հաշվետվություններ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ,
24) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, օտարման (այդ թվում երաշխիքով), գրավի, նվիրաբերության, նվիրատվության, փոխանակության, գույքի ներդրման, անհատույց օգտագործման, վարձակալության, սերվիտուտի տրամադրման, Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի սարքավորումների տեղակայման ու սպասարկման, ինչպես նաև Կոմիտեի կողմից կնքված այլ պայմանագրերի, ըստ տարիների կտրվածքով հաշվառման աշխատանքները՝ համաձայն Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված կարգի,
25) իրականացնում է նաև պայմանագրային պարտավորություններ ունեցող պայմանագրերի հաշվառման աշխատանքները,
26) նախապատրաստում է նոտարական գրասենյակներում և (կամ) կադաստրի կոմիտեի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում Կոմիտեի (Հայաստանի Հանրապետության) անունից հանդես գալու լիազորագրերը,
27) ապահովում է Կոմիտեի կողմից կազմված և նոտարական վավերացում պահանջող պայմանագրերի կնքման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակներում,
28) իրականացնում է Կոմիտեի կողմից պետական գույքի վերաբերյալ կնքված պայմանագրերով՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը (բացառությամբ՝ պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանց կողմից տարաժամկետ վճարումների, վարձակալական վճարների և կապի սարքավորումների տեղադրման ու սպասարկման համար պայմանագրերով նախատեսված վճարումների կատարման),
29) պահանջում է պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանցից սահմանված կարգով և ժամկետում պայմանագրերում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ,
30) ուսումնասիրում և վերլուծության է ենթարկում պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանց կողմից ներկայացրած հաշվետվությունները և տրամադրում տեղեկատվություն պարտավորությունների կատարման վերաբերյալ,
31) անհրաժեշտության դեպքում պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանցից պահանջում է պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր,
32) անհրաժեշտության դեպքում պարտավորությունների կատարման արդյունքների փաստացի, տեղում ուսումնասիրման նպատակով իրականացնում է տեղազննություն, որի վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն,
33) պայմանագրերով նախատեսված՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ ներկայացնում է զեկուցագրեր,
34) անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատվածի կտրվածքով նախապատրաստում է հաշվետվություն՝ պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ,
35) իրականացնում է պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց կողմից ստանձնած ներդրումային ու սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունների կատարմանն առնչվող վերլուծական բնույթի աշխատանքներ,
36) կազմում է պայմանագրերով ստանձնած և կատարված պարտավորությունների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվություններ,
37) գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի այլ ստորաբաժանումներից և պայմանագրերի կողմ հանդիսացող անձանցից ստացված գրություններն ու փաստաթղթերը,
38) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացվող հսկողության արդյունքում արձանագրում է պարտավորության կատարումը կամ չկատարումը, գնահատում է թերակատարումը։ Պարտավորության կատարման կողմ հանդիսացող անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն և աջակցում է պարտավորությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը՝ իրականացնելով պարզ ընթացակարգային վարչարարություն։
39) պայմանագրային պարտավորությունների թերակատարման կամ չկատարման դեպքում ձեռնարկում է պարտավորությունների կատարման պարտադրմանը կամ պայմանագրի լուծմանն ուղղված գործողություններ (նախապատրաստելով համապատասխան զեկուցագրեր և գրություններ),
40) պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացնում է վերլուծական բնույթի աշխատանքներ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ։
41) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
42) Վարչության Իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժինը կազմակերպում և մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին, տալիս եզրակացություններ, իսկ Պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժինը մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին։
43) ապահովում է հարկադիր աճուրդի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման հիմքով Կոմիտեին վերապահված լիազորությունների կազմակերպման գործընթացը,
44) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով։
4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
4.3. Վարչության գործունեությունը համակարգում և վերահսկում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը։
4.4. Վարչությունն՝
1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, դատախազության և այլ իրավապահ մարմինների, պետական մարմինների, ինչպես նաև նոտարական գրասենյակների, քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ,
2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստում է պայմանագրերի, ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախագծերը,
4.5. Վարչության պետը՝
1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,
2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը.
3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,
4) համակարգում է Վարչության աշխատանքները,
5) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից ներքին կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ,
6) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,
7) առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,
8) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագիրը։
9) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
10) ստորագրում է Վարչության կողմից պատրաստվող փաստաթղթերը,
11) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմելու համար,
12) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով Կոմիտեի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին, համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,
13) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,
14) պատասխանատու է Վարչության համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,
15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,
16) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթները:
4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4.7. Վարչության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը։
4.8. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.1. Վարչության կազմում գործում են`
1) Իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժինը,
2) Պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժինը,
5.2. Վարչության
1) Իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-17-րդ և 41-44-րդ ենթակետերում նշված գործառույթները,
2) Պայմանագրերի կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 18-44-րդ ենթակետերում նշված գործառույթները,
5.3. Բաժինը`
1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի տնօրինման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերը,
3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:
5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
5.5. Բաժնի պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,
2) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,
3) բաշխում է պարտականությունները բաժնի աշխատակիցների միջև,
4) մշակում է բաժնի աշխատանքային ծրագիրը,
5) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),
6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,
7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,
8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,
9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում է կատարված աշխատանքները,
10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,
11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:
5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս:
5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը: »: