Պետական բաժնեմասի կառավարման վարչության կանոնադրություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Պետական բաժնեմասի կառավարման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
1.2. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, համակարգող տեղակալին:
1.3. Վարչությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:
1.4. Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Վարչության խնդիրներն են՝
1) Կոմիտեին վերապահված` պետությանը սեփականության իրավունքով պատկանող, բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացումը,
2) պետական գույքի գրավչությունը ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը,
3) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը,
4) 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը,
5) պետական կառավարչական մարմինների 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տարեկան արդյունքների հիման վրա ֆինանսատնտեսական վերլուծությունը և արդյունքների ամփոփումը,
6) պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, լուծարման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3.1. Վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրականացնում է Կոմիտեի տնօրինության պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման գործընթացը,
2) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնում է դրանց վերակազմակերպման, բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման, գույքի վարձակալության տրամադրման, օտարման, ինչպես նաև մասնավորեցման, մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ,
3) իր գործառույթների շրջանակում ապահովում է մասնավորեցման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը,
4) Կոմիտեի տնօրինության առևտրային կազմակերպություններում կազմակերպում է խորհուրդների ձևավորման աշխատանքները (անհրաժեշտության դեպքում),
5) կազմակերպում է տարեկան և արտահերթ ժողովները,
6) Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ,
7) կազմակերպում է Կոմիտեի տնօրինության առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների և գրանցման հետ կապված աշխատանքները,
8) մասնակցում է պետական գույքի մասնավորեցման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կառավարման բնագավառում կատարման տեսանկյունից իրատեսական և վերջնական դրական արդյունքների ձեռք բերման տեսանկյունից արդյունավետ հեռանկարային գործարար ու ներդրումային ծրագրերի մշակմանը,
9) աջակցում է բաժնետոմսերի օտարման ենթակա պետական գույքի վերաբերյալ առկա տեղեկատվության հրապարակայնությանը։ Կազմում է էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա բաժնետոմսերի վերաբերյալ ամբողջական փաթեթը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման,
10) իրականացնում է բաժնետոմսերի հանձնում-ընդունում, կազմակերպում մասնագիտացված կազմակերպություններում բաժնետոմսերի գրանցման աշխատանքները,
11) իրականացնում է Կոմիտեի տնօրինության առևտրային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների ընդունումն ու ամփոփումը,
12) մասնակցում է Կոմիտեի տնօրինության առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի բաշխման աշխատանքներին և հետևում պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարմանը,
13) կազմակերպություններին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ,
14) պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, ներկայացնում առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ և վերլուծության ամփոփ տեղեկանքները, սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կրկնօրինակը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
15) իրականացնում է լուծարման գործընթացում գտնվող Կոմիտեի ենթակայության ընկերությունների միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատման համար անհրաժեշտ աշխատանքները,
16) իրականացնում է պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքի գնահատում և վերլուծության ամփոփ տեղեկանքը, սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կրկնօրինակը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
17) աջակցում է Կոմիտեի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և Կոմիտեի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների իրականացմանը,
18) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր, դրանք ընդունվելուց հետո կազմակերպում հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը,
19) պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացնում է առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման, նոր ընկերությունների ստեղծման, կազմակերպությունների կազմից գույքի առանձնացման աշխատանքները,
20) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները,
21) մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում այն հրապարակելու համար, ապահովում է առևտրային կազմակերպությունների մասնավորեցման ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները, կազմակերպում մասնավորեցվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը,
22) մշակում և քննարկման է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը,
23) կազմում է լուծարվող իրավաբանական անձանց լուծարման հանձնաժողովներ ստեղծելու մասին Կոմիտեի նախագահի հրամանների նախագծերը,
24) ձեռնարկում է համապատասխան միջոցներ իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունների գրառման, իսկ ավարտի դեպքում՝ լուծարման պետական գրանցման ուղղությամբ,
25) կազմակերպում է իրավաբանական անձանց լուծարման հանձնաժողովների նիստերը, կազմում է նիստերի արձանագրությունները, հետևում լուծարման հանձնաժողովների որոշումների կատարմանը և իրականացման ընթացքի մասին տեղեկացնում լուծարման հանձնաժողովներին,
26) ապահովում է լուծարվող իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթաշրջանառությունը և կազմակերպում լուծարման հանձնաժողովների գործողությունները՝ գույքագրման աշխատանքներ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների կազմում, լուծարվող կազմակերպությունների պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտավորությունների ստացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրեդիտորական պարտքերի մարման ապահովումը, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների կազմումը և ներկայացնումը դատարան և այլն,
27) մշակում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի), իսկ անհրաժեշտության դեպքում նաև լուծարումից հետո մնացած գույքի մասնավորեցման մասին իրավական ակտերի նախագծերը,
28) ապահովում է պետական կառավարման այլ մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների (խորհուրդների) կազմում Կոմիտեի ներկայացուցչի մասնակցությունը,
29) իրականացնում է իրավաբանական անձանց, քաղաքացիների խնդիրների ուսումնասիրում, քննարկում և առաջարկությունների ներկայացում,
30) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
31) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,
32) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4.1. Վարչության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
4.2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
4.3. Վարչությունը՝
1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծեր,
3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները,
4.4. Վարչության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Վարչության պետի և Վարչության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից.
4.5. Վարչության պետը՝
1) իրականացնում է Վարչության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,
2) բացահայտում, վերլուծում և գնահատում է Վարչության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,
3) ապահովում է Վարչության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,
4) վերահսկում է Վարչության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում առաջարկություններ,
5) ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը,
6) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,
7) գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագիրը,
8) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
9) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,
10) ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
11) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,
12) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ պետական բաժնեմասի կառավարման ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,
13) պատասխանատու է Վարչությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Վարչությունում աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,
14) իրականացնում է Կոմիտեի նախագահի, նրա համակարգող համապատասխան տեղակալի և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականները,
15) Վարչության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ:
4.6. Վարչության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Վարչության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4.7. Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.1. Վարչության կազմում գործում են՝
1) Պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և մոնիտորինգի բաժինը,
2) Մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժինը:
5.2 Վարչության.
1) Պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման մոնիտորինգի բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-18-րդ և 28-32-րդ ենթակետերում նշված գործառույթները,
2) մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժինն իրականացնում է 3.1-րդ կետի 1-ին, 3-7-րդ, 9-րդ, 11-13-րդ, 19-32-րդ ենթակետերում նշված գործառույթները:
5.3. Բաժինը`
1) իրականացնում է աշխատանքներ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
2) Կոմիտեի այլ ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ, նախապատրաստում է պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծեր,
3) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:
5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
5.5. Բաժնի պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,
2) պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,
3) բաշխում է պարտականությունները բաժնի աշխատակիցների միջև,
4) մշակում է բաժնի աշխատանքային ծրագիրը,
5) Վարչության պետի հանձնարարությամբ ընդգրկվում է պետական կառավարման այլ մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների կազմում, ինչպես նաև մասնակցում է նիստերին (խորհրդակցություններին),
6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկման վերաբերյալ,
7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,
8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,
9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքը, ընդունում կատարված աշխատանքները,
10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ընդունում իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,
11) կատարում է Վարչության պետի այլ հանձնարարականները:
5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5.7. Բաժնի պետը Վարչության պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, փոխարինում է վերջինիս:
5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։