Քարտուղարության կանոնադրություն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՌՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Քարտուղարությունն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին և գլխավոր քարտուղարին:

1.3. Քարտուղարությունը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1․4․ Վարչության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը։

 

2. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Քարտուղարության խնդիրներն են՝

1)  գործավարության կարգի պահանջներին համապատասխան Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, գրությունների, նամակների և դիմումների գործավարության արդյունավետ իրականացումը,

2)                Կոմիտեի տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը, առանձին uտորաբաժանումների, պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հաuարակության իրազեկումը,

3)                Կոմիտեի պաշտոնատար անձանց ու ԶԼՄ-ների միջև համագործակցության ապահովումը,

4)                ներքին համակարգչային ցանցի, պաշտոնական կայքի անխափան աշխատանքի ապահովումը, պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող և առաքվող գրագրության իրականացումը,

5)                էլեկտրոնային աճուրդի համակարգի (www.e-auctions.am) միջոցով պետական գույքի (այդ թվում բաժնետոմսերի) օտարման և վարձակալության տրամադրման էլեկտրոնային աճուրդի անցկացման գործընթացի իրականացումը։

 

 

3. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1)  գործավարության կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, գրությունների, նամակների և դիմումների գործավարությունը, ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,

2)                ապահովում է ելից փաստաթղթերի առաքումը՝ ըստ պատկանելիության, ինչպես նաև (Mulberry2) էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, սուրհանդակային ծառայության  և փոստի միջոցով,

3)                սահմանված կարգով իրականացնում է Կոմիտեի արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքները, կազմակերպում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքները,

4)                իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն, վերջնաժամկետների հսկողություն և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրում  Կոմիտեի գլխավոր քարտուղարին,

5)                յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ապահովում է հանձնարարականների, գրությունների, դիմումների և բողոքների թվի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի, դրանց վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական պատասխանների և ավարտված փաստաթղթերի վերաբերյալ վիճակագրությունը և ամփոփ հաշվետվություների կազմման աշխատանքների իրականացումը,

6)               իրականացնում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի հրամանների համարակալման և բաշխման աշխատանքները,

7)                իրականացնում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրում և ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ թեժ գծի միջոցով,

8)               ապահովում է Կոմիտեի պաշտոնական info@spm.am էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող և առաքվող գրություններն իրենց հասցեատերերին տրամադրումը,

9)               իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների պաշտոնական էլեկտրոնային փոստերի ադմինիստրացիա, լուծում է դրանց հետ կապված խնդիրները,

10)              ապահովում է առցանց հայտարարությունների տեղադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության www.azdarar.am կայքում,

11)              իրականացնում է էլեկտրոնային համակարգի (www.e-auctions.am) միջոցով  պետական գույքի (այդ թվում) օտարման և վարձակալության տրամադրման էլեկտրոնային աճուրդի նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև համապատասխան փաթեթները պատասխանատու ստորաբաժանումներին ներկայացնելու  գործընթացը,

12)              լուծում է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կոմիտեի աշխատակիցների կողմից շրջանառվող նախագծերի տեղադրման հետ կապված խնդիրները, տրամադրում է խորհրդատվություն, համակարգի ադմինիստրացիա,

13)             իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ լրատվական դաշտի տեղեկատվական պահանջներին արդյունավետ արձագանքելու նպատակով, միաժամանակ կարգավորում է մեդիահարաբերությունները՝ ապահովելով Կոմիտե–լրատվական դաշտ անխափան և օպերատիվ կապը։

14)              ապահովում է Կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական կայքէջում, սոցիալական էջերում իրականացնում է նորությունների տեղադրման, ինչպես նաև առկա տեղեկատվության թարմացման աշխատանքները, արագ արձագանքում է հարցադրումներին և հաղորդագրություններին,

15)     մասնակցում է Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հանդիպումների, ասուլիսների կազմակերպչական աշխատանքներին, համակարգում է արտասահմանից ժամանած պատվիրակությունների և առանձին հյուրերի հետ տարվող աշխատանքները,

16)             համագործակցում է գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ ոլորտային խնդիրները պատշաճ իրականացնելու նպատակով,

17)              աջակցում է Կոմիտեի ստորաբաժանումներին օտարալեզու գրագրության իրականացման հարցում,

18)             Կոմիտեի գործառույթների շրջանակներում ապահովում է արտաքին հարաբերությունների կարգավորումներով պայմանավորված հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին և Վարչապետին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը։

19)             ապահովում է Կոմիտեի ներքին համակարգչային ցանցի, շահագործվող տեղեկատվական համակարգերի և ծրագրերի անխափան աշխատանքը,

20)             Քարտուղարության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

21)               մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին,

22)             իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

4. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Քարտուղարության կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Քարտուղարությունն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

4.3. Քարտուղարությունը՝

1) իրականացնում է աշխատանքներ, համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

4.4. Քարտուղարության աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Քարտուղարության պետի և Քարտուղարության կազմում գործող բաժինների (այսուհետ` Բաժին) պետերի կողմից:

4.5. Քարտուղարության պետը՝

1) իրականացնում է Քարտուղարության աշխատանքների կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը,

2)                բացահայտում, վերլուծում և գնահատում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ և ապահովում այդ աշխատանքների կատարումը,

3)                ապահովում է սույն Կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը,

4)                վերահսկում է Քարտուղարության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը,

5)                գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ,

6)               գլխավոր քարտուղարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագիրը,

7)                ստորագրում է Քարտուղարության անունից պատրաստվող փաստաթղթերը,

8)               ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,

9)               Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների,

10)             պատասխանատու է Քարտուղարությունում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, աշխատակիցների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

11)              իրականացնում է Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի այլ հանձնարարականներ,

12)              Քարտուղարության լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում է պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ, լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ:

4.6. Քարտուղարության պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Քարտուղարության առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Քարտուղարության պետի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ իրեն փոխարինում է Բաժնի պետերից մեկը:

 

5. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.1. Քարտուղարության կազմում գործում են՝

1) Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժինը,

2) Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժինը:

5.2. Քարտուղարության.

1) Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 1-7-րդ և 20-22-րդ ենթակետերում նշված գործառույթները,

2) Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժինն իրականացնում է սույն կանոնադրության 3.1-րդ կետի 8-22-րդ ենթակետերում նշված գործառույթները:

5.3. Բաժինը`

1) իրականացնում է աշխատանքներ՝ համագործակցելով Կոմիտեի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,

2) ստանում է դիմումներ, գրություններ, բողոքներ և առաջարկություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում դրանց պատասխանները:

5.4. Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Քարտուղարության պետին:

5.5. Բաժնի պետը՝

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում Բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և պատշաճ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները Բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) Քարտուղարության պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին (խորհրդակցություններին),

6) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումն, անհրաժեշտության դեպքում վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

7) Բաժնի իրավասության տակ գտնվող հարցերի շուրջ անցկացնում է խորհրդակցություններ՝ պետական կառավարման մարմինների համապատասխան մասնագետների, այլ փորձագետների մասնակցությամբ,

8) ստանում է Բաժնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի ստորաբաժանումներից, գիտական և խորհրդատվական կազմակերպություններից,

9) վերահսկում է Բաժնի աշխատողների կողմից հանձնարարությունների կատարման ընթացքն, ընդունում կատարված աշխատանքները,

10) Բաժնի լիազորություններին առնչվող հարցերի շրջանակներում ընդունում է քաղաքացիներին, իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, հանդիպում  պետական մարմինների աշխատողների հետ, պարզաբանումներ է տալիս առկա խնդիրների վերաբերյալ և լուծումներ է առաջարկում բարձրացված հարցերի շուրջ,

11) կատարում է Քարտուղարության պետի այլ հանձնարարականներ:

5.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.7. Բաժնի պետը՝ Քարտուղարության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ փոխարինում է վերջինիս:

5.8. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

5.9. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը:

5.10. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին։