ՀՀ-ին վերադարձված 7 անշարժ գույք կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին
դեկտեմբերի 18, 2025
ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեին կամրացվեն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության շրջանակում քննված գործերի և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված 7 անշարժ գույք։
Շուրջ 651 մլն ՀՀ դրամի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքով անշարժ գույքերը գտնվում են Երևանում և չորս մարզերում, մասնավորապես՝
- 2,32 հա հողամաս՝ Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան 30/1 հասցեում,
- 0,5 հա հողամաս՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում,
- 2,791284 հա հողամաս և 483,7 քմ շենք-շինություն՝ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ղափանցյան փողոց 59 հասցեում,
- 0,0376 հա հողամաս՝ Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ղափանցյան փողոց 59/11 հասցեում,
- 4,0 հա հողամաս՝ Ալավերդի համայնքի Օձուն գյուղում,
- 3,0 հա հողամաս և 16,6 քմ շենք-շինություն՝ Բերդ համայնքի Նավուր գյուղ, 2-րդ փողոց, 112 պահակատուն հասցեում,
- 6,0 հա հողամաս և 88,9 քմ շենք-շինություն՝ Արմավիր քաղաք, Ֆ. Նանսենի փողոց 45 ավտոդրոմ հասցեում։
Պետական գույքի կառավարման կոմիտեն, կառավարության որոշման համաձայն, կիրականացնի չափագրման, հողամասերի սահմանների ճշտման, հատակագծերի հաստատման և այլ անհրաժեշտ գործընթացներ՝ իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված և Կադաստրային քարտեզում առկա հողամասերի մակերեսների հնարավոր անհամապատասխանությունները շտկելու նպատակով։