Անձնակազմի կառավարման բաժնի կանոնադրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` Բաժին) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանների, Կոմիտեի նախագահի հրամանների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

1.2. Բաժինն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների ժամանակին և պատշաճ իրականացման համար, ենթարկվում և հաշվետու է Կոմիտեի նախագահին, գլխավոր քարտուղարին:

1.3. Բաժինը կազմավորվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով:

1.4. Բաժնի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Կոմիտեի նախագահը։

1.5. Բաժինն ունի իր անվանմամբ կնիք:

 

2.ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Բաժնի խնդիրներն են`

1) իրականացնել Կոմիտեի աշխատանքային ռեսուրսների արդյունավետ կառավարումը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ապահովել Կոմիտեի անձնակազմի աշխատանքների արդյունավետ կազմակերպումն և վարումը:

 

3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3.1. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խահանջների իրեն վերապահված մասի կատարումը, ինչպես նաև սահմանված ժամկետների պահպանման ուղղությամբ աշխատանքների իրականացումը,

2) վարում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

3) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն, բացառությամբ գլխավոր քարտուղարի, զբաղեցնելու համար անցկացվող ներքին և արտաքին մրցույթների նախապատրաստական աշխատանքները,

4) անցկացնում է էլեկտրոնային եղանակով մրցույթի թեստավորման փուլը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

5) վարում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

6) նախապատրաստում է Կոմիտեի նախագահի, գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, դրանք ներկայացնում ստորագրման, առաքման հանձնելու և կադրային հրամանների մասին աշխատողներին տեղեկացնելու, պաշտոնի նշանակվող (այդ թվում` Կոմիտեի համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, այդ թվում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում, հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման, աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները,

7) նախապատրաստում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի` Կոմիտեի աշխատակիցների արձակուրդների տրամադրման մասին հրամանների նախագծերը՝ դրանցում ամրագրելով նաև դրույթ աշխատակցի արձակուրդի կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին վերապահելու մասին՝ նշվածն ամրագրելով նաև «Mulberry» էլեկտրոնային համակարգում,

8) մասնակցում է Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին, Կոմիտեի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերը և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին,

9) հաշվառում է Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կազմված կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերը, աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատականները, ինչպես նաև գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դրանք և ապահովում աշխատանքային ծրագրերի համապատասխանությունը «Աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման» ուղեցույցին, իրականացնում քաղաքացիական ծառայողների աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատման կիսամյակային և տարեկան վերլուծությունը,

10) իրականացնում է Կոմիտեում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, ինչպես նաև Կոմիտեում փորձագետների և փորձնակների ներգրավման հետ կապված աշխատանքները,

11) ապահովում է Կոմիտեում ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական փորձառության կազմակերպման գործընթացը,

12) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը,

13) իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների, և առաջարկությունների, անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին,

14) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները,

15) Կոմիտեի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականները,

16) ապահովում է Կոմիտեի աշխատողների ծառայողական վկայականների տրամադրումը,

17) իրականացնում է Կոմիտեի աշխատողների վերապատրաստման կարիքների բացահայտումը, ապահովում է այդ կարիքների բավարարումը և վերապատրաստման արդյունավետության գնահատումը,

18) կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունները, իրականացնում է բարեվարքության պահանջներին համապատասխան գործառույթների իրականացումը,

19) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողների թեկնածությունները` քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար,

20) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

21) Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություն վարողին (վարողներին) տրամադրում է պահանջվող փատաթղթերը և ծառայողական քննության յուրաքանչյուր փուլի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

22) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթներ:

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4.1. Բաժնի կառուցվածքը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

4.2. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Կոմիտեի հաստիքացուցակով նախատեսված կազմով։

4.3. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է գլխավոր քարտուղարը։

4.4. Բաժինն ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը:

4.5. Բաժնի պետը`

1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը,

2) պատասխանատվություն է կրում Բաժնի առջև դրված խնդիրների ժամանակին և ճիշտ իրականացման համար,

3) բաշխում է պարտականությունները Բաժնի աշխատակիցների միջև,

4) մշակում է Բաժնի աշխատանքային ծրագիրը,

5) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացումը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում է առաջարկություններ աշխատակիցների խրախուսման կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

6) պատասխանատու է Բաժնում համապատասխան աշխատանքային մթնոլորտի և կարգապահության ապահովման, Բաժնի աշխատողների միջև աշխատանքների հավասարաչափ բաշխման և դրանց կատարման համար,

7) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

8) Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություն վարողին (վարողներին) տրամադրում է պահանջվող փաստաթղթերը և ծառայողական քննության յուրաքանչյուր փուլի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

9) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

4.6. Բաժնի պետը պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու, ինչպես նաև Բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.7. Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:

4.8. Բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, իրեն փոխարինում է Բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը կամ ավագ մասնագետը:

4.9. Բաժնի աշխատակցի արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում գտնվելու ընթացքում վերջինիս լիազորությունները վերապահվում է պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան աշխատակցին: